Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով:
Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Լիագումար նիստը մեկնարկել է այս երկրների ղեկավարների ողջույնի ուղերձներով: Բացման խոսքով է հանդես եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



