jkjhkjhkj

05-04-2023 13:14 1124

Հայաստան ներմուծվող մի խումբ ապրանքներ, որոնք արտադրության համար պետք է ծառայեն որպես հումք, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից:  «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման համար նախագծում ավելացվել են որոշ ծածկագրեր՝ եգիպտացորեն, սոյայի պտուղներ և այլն: «Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում կիրառվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում: Եվ արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատումը մեր տնտեսվարողներին որոշակիորեն ավելի դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի նրանց ավելի մրցունակ գին սահմանել»,-ասաց փոխնախարարը:

Հայաստանը թռչնամսի մասով ինքնաբավության ցածր մակարդակ ունի: Փոխնախարար  Գևորգյանի խոսքով՝ փոփոխությունը միտված է հնարավորություն տալու տեղի արտադրողներին՝ ունենալ ավելի մրցունակ ինքնարժեք, որի արդյունքում կլինի  ավելի բարձր ինքնաբավության մակարդակ: Այդ հումքերն ազատվում են սահմանին ԱԱՀ-ով գանձումից, իրացման փուլում արդեն ԱԱՀ-ն գանձվում է:

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր