Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը՝ թիրախավորելով և՛ տեխնիկան, և՛ աշխատողներին։
Այս մասին Երասխում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ջի Թի Բի Հոլդինգս»-ի տնօրեն Տիրան Հակոբյանը։
Տնօրենի կարծիքով՝ Ադրբեջանը չի ուզում, որ Հայստանը տնտեսապես հզորանա, իսկ գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ։
«Վստահ ենք, որ գտնվում ենք ՀՀ ինքնիշխան տարածքում, և՛ մենք, և՛ մեր զինվորականները հաստատակամ ենք շարունակելու։ Խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստացած ենք»,– նշեց Հակոբյանը։
Նա վստահեցրեց, որ հաստատակամ են և շարունակելու են գործարանի շինարարությունը և որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն։
Տիրան Հակոբյանի ներկայացմամբ՝ այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են:
Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ նախագիծը սկսվել է 2022 թվականի օգոստոսին, շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ 2 ամիս առաջ։ Շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել արդեն դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։
Հունիսի 12-ին դարձյալ Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


