Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որով սահմանվում է, որ ՀՀ–ում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։
«Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող հաշվի միջոցով: Նախագծի նպատակն է, որ խաղացողը միայն իր հաշվից խաղադրույք կատարի։ Դրանով էլ ավելի վերահսկելի է դառնում նրա վարքագիծը։ Եթե հաշվեհամարի վրա կա արգելանք, ապա տվյալ անձը չի կարողանա մասնակցել ինտերնետ շահումով խաղերին, կատարել խաղադրույքներ կամ համալրել հատուկ խաղային հաշիվները»,– ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սա կառավարության սկզբունքային բարեփոխումներից է և ունի երկար պատմություն, որը սկսվում է դեռ 2015-2016 թվականներից։
«Կապան քաղաքի բակերից մեկում հանդիպումներից մեկի ժամանակ կանայք պատմեցին, որ շենքերի արանքում, գործնականում ամեն շենքի մոտ բուքմեյքերական գրասենյակներ կան: Նրանք ասում էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատող իրենց ամուսինները աշխատավարձի օրը տուն են բերում միայն աշխատավարձի մի մասը, որովհետեւ նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո նոր գալիս են տուն
Երկրորդ պատկերը, երբ 2018-ին մեր քայլարշավն էինք սկսել, գործնականում ամեն լցակայանի մոտ մեզ մոտենում էին մարդիկ եւ ասում՝ տեսեք, այստեղ խաղային ավտոմատները դրված են, երիտասարդների մեծ մասը պարտքերի տակ են՝ դրանից բխող այլ էֆեկտներով՝ վեճեր, կռիվներ, չվերադարձվող պարտքեր, հանցավորության աճ»,– պատմեց վարչապետը:
Նրա խոսքով` խնդրի լուծման համար առաջին փուլով բոլոր գազալցակայանների մոտից հանվեցին խաղային սարքերը, ապա փակվեցին բուքմեյքերական գրասենյակները. «Ուզում եմ հիշեցնել, որ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որ տնտեսական հարված ենք հասցնում, աշխատատեղեր ենք կրճատում:
Բուքմեյքերական գրասենյակները վերացան, բայց մարդիկ գնում էին, տերմինալներով կանխիկ դրամ էին գցում իրենց էլեկտրոնային դրամապանակներում եւ այնտեղից էին խաղադրույք անում: Մենք փոխեցինք կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում այդ դրամապանակը: Նույնականացնում էինք, որովհետեւ արձնագրում էինք, որ պետական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ընտանեկան նպաստ ստացող մարդիկ, որ խաղադրույք են անում: Ասենք, մարդն ամսական 27 դրամ նպաստ է ստանում, բայց 200 հազար դրամի կամ մեկ մլն դրամի խաղադրույք է իրականացնում:
Ընդհուպ մինչև հատուկ ծառայությունների աշխատողները կարող են խաղամոլության խնդիր ունենալ, որն ինքնին ի հայտ է բերում կոռուպցիոն ռիսկեր։ Այս ծառայությունները նաև շատ մոդայիկ են քրեակատարողական հիմնարկներում։ Սա վերաբերում է նաև նպաստառուներին. կան մարդիկ, որ ստանում են, օրինակ, 100 հազար դրամ նպաստ, սակայն ինտենսիվ խաղադրույք են անում»,– նշեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ այս կարգավորմամբ սահմանվում է, որ դրամապանակները չեն կարող կանխիկ լիցքավորվել, կարող են լիցքավորվել միայն անկանխիկ եւ միայն սեփականատիրոջ հաշվից:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է այն, որ սահմանափակելու են այն ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գործունեությունը, որոնք լիցենզավորված չեն Հայաստանում։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



