Ադրբեջանը շտապում է ճնշում գործադրել Հայաստանի արդյունաբերության վրա, քանի որ վախենում է ՀՀ տնտեսական աճից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջանյանը։
Նա նշեց, որ ինքը ներկայացնում է միության ընդհանուր տեսակետը։
Ջանյանի խոսքով՝ եթե ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը կազմել է 12.6 տոկոս, ապա Ադրբեջանում՝ 4%։
«Հաջորդ տարի Հայաստանի կանխատեսումը կրկին երկնիշ է, Ադրբեջանի կանխատեսումը ՝ զրոյական։ Նման միտման պահպանման դեպքում Հայաստանը կհավասարվի եւ կշրջանցի Ադրբեջանին, Բաքվում հասկանում են, որ տնտեսական աճը կհանգեցնի ռազմական հավասարակշռության խախտման, որն այժմ, Ադրբեջանի իշխանությունների կարծիքով, իրենց օգտին է»,–ասաց նա։
Ջանյանը հիշեցրեց բնապահպանության ոլորտում Յեյլի համալսարանի 2022 թվականի տվյալները, ըստ որոնց՝ ՀՀ-ն 56-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 104-րդ։ Ընդ որում, 10 տարվա ընթացքում ՀՀ-ն բարելավել է դիրքերը, Ադրբեջանը՝ վատթարացրել։ ՀՀ-ն առաջ է Իսրայելից, Հարավային Կորեայից, այսինքն ՝ ավելի զարգացած տնտեսություն ունեցող երկրներից։
Ըստ նրա՝ թշնամիներին լավագույն պատասխանը լինելու է Հայաստանի շարունակական տնտեսական աճը, իսկ նրանց հետ բանավիճելը ճիշտ չէ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



