Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակիցներին՝ Արարատի և Կոտայքի մարզերի դպրոցականներին ու ծրագրի մասնակից համարվող Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է՝ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։
Ծրագիրը նպաստում է երեխաների միջև ծանոթությանն ու անձնական շփումներին, հայրենիքի ճանաչողությանը: Տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում ընդլայնվում է դպրոցականների աշխարհաճանաչողությունը։
Հյուրընկալող դպրոցներում իրականացվում են նախագծային ծրագրեր, գործում են խմբակներ, որոնց մասնակցում են հյուրընկալած աշակերտները։ Մշակվում են հայրենագիտության նախագծեր, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար։
Ծրագրի իրականացման ընթացքում, ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների, կազմակերպվում է ազգային երգ ու պարի ուսուցում, տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ։ Ծրագրին մասնակցում են 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են մեկ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում, կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում և բնակվել համայնքի ընտանիքներից մեկում։ Աշակերտների ընտրությունը կատարվում է ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած և ընտրված դպրոցների և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից:
Ծրագրի 3-րդ փուլի մեկնարկը տրվել է 2023 թ հոկտեմբերի 16-ին:
Ծրագրին մասնակից Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները հյուրընկալվել են Կոտայքի և Արարատի մարզերում, իսկ նշյալ մարզերի դպրոցների աշակերտները՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում։
Դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանի տեղեկացմամբ՝ Կոտայքի և Արարատի մարզերի ավագ դպրոցների հյուրընկալվող աշակերտները ուսումնական օրերի ընթացքում այցելել են Հայրավանք, Նորատուսի խաչքարեր, Իլիկավանք, Գավառի մարզային գրադարան, երկրագիտական թանգարան, Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել են ներկայացում։ Նրանք միաժամանակ շփվել են Գեղարքունիքի դպրոցի աշակերտների և ուսուցիչների, հյուրընկալող ընտանիքների անդամների հետ, ծանոթացել դպրոցի ձեռքբերումներին, իրականացված ծրագրերին, որոնց արդյունքում հիմնվել է պտղատու ինտենսիվ այգի և ջերմոցներ, դպրոցական թերթ, հիմնանորոգվել և արդիականացվել է դպրոցի գրադարանը։
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում հյուրընկալված աշակերտները մարզպետ Կարեն Սարգսյանի հետ կիսվել են մեկ շաբաթվա ընթացքում իրենց ստացած տպավորություններով, ձեռք բերած գիտելիքներով, փորձի փոխանակման ու հետագա կապերի ամրապնդման հեռանկարներով, հատուկ շեշտելով, որ Գեղարքունիքի իրենց նոր բարեկամներից բաժանվում են կարոտով, հայրենաճանաչողական այցերի տպավորող հուշերով։
Մարզպետ Կարեն Սարգսյանը ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում հետաքրքրվել է հյուրընկալված աշակերտների մասնագիտական ընտրության, հյուրընկալության ընթացքում դպրոցում ու ընտանիքներում, ինչպես նաև ճանաչողական այցերի ընթացքում ստացած տպավորությունների, իրենց համար անծանոթ միջավայրի նոր արժեքների բացահայտման մասին՝ միաժամանակ կարևորելով «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի իրականացումը։
«Այն, ինչ ձեզ տպավորել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում հայրենանվեր նախաձեռնության ու նպատակամղված աշխատանքի արդյունք է։ Համոզված եմ, որ այդ ծրագրերի, ձեռքբերումների մասին դուք կպատմեք ձեր դպրոցներում, կփորձեք հանդես բերել նույնանման կամ այլ բովանդակության նախաձեռնություններ։ Նույնքան համոզված եմ, որ մեր մարզից բաժանվում եք հարուստ տպավորություններով՝ կրկին այցելելու ակնկալիքով։ Հաջողություններ եմ մաղթում ձեզ՝ ձեր ապագա քայլերում և նպատակներում»,-նշել է մարզպետը։
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը գրքեր է նվիրել հյուրընկալված աշակերտներին։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



