Հայաստանում 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ գիտաշխատողների աշխատավարձերի առաջին բարձրացումը եղել է 2022 թվականի հունվարին։
«Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 %- ով 2021 թվականի համեմատ։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։
Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։
Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որը ոլորտում որակական փոփոխություններ կմտցնի։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



