ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հունվարի 12-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է մաքսային ոլորտի 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և բարեփոխումները, ինչպես նաև առաջիկա անելիքները:
2023թ. ընթացքում մաքսային մարմինն ապահովել է շուրջ 529 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը գերազանցում է 2022թ. փաստացի կատարողականը շուրջ 128 մլրդ դրամով կամ 32%-ով:
Անդրադառնալով ըստ հարկատեսակների մաքսային մարմնի գանձումներին՝ Կարեն Թամազյանն ընդգծել է, որ գանձվող եկամուտները հիմնականում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով են. «2023 թվականին 2022-ի համեմատ ԱԱՀ գծով մուտքերը գերազանցել են 27%-ով, իսկ ակցիզային հարկի մասով՝ 29%-ով: Միաժամանակ, ԵԱՏՄ միասնական «կաթսայից» ստացված մուտքերը 32 %-ով գերազանցել են 2022-ի ցուցանիշը»:
2022 թ. համեմատ՝ 2023 թ. գանձման ենթակա գումարների էական աճն արձանագրվել է տրանսպորտային միջոցների, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, վառելիքի (բենզին, դիզել և այլն) ապրանքների ներմուծման գծով: 2023 թ. Հայաստան ներմուծվել է շուրջ 84 հազար թեթև մարդատար տրանսպորտային միջոց՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 83%-ով (2022-ին ներմուծվել է շուրջ 46 հազար տրանսպորտային միջոց):
Պետական աջակցության ծրագրի շրջանակում մաքսային ձևակերպում է ստացել ՀՀ ժամանակավոր ներմուծված 2648 տրանսպորտային միջոց:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



