Հայաստանի և Իրանի միջև նոր բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2026-ին։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկուման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ սա երկու երկրների միջև արդեն երրորդ էլեկտրահաղորդման գիծն է։ Շինարարությունը մեկնարկել է մոտ տասը տարի առաջ, սակայն երկար ժամանակ ձգձգվել է իրանական «Սամիր» կապալառու ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։ Վերջին շրջանում շինաշխատանքները նկատելիորեն ակտիվացել են. ներկայումս միաժամանակ կառուցվում են ինչպես գիծը, այնպես էլ դրա սպասարկման ենթակայանները։
«Շարունակվում են Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրոհաղորդման օդային գծի և ենթակառույցի կառուցման աշխատանքները, որոնք իմիջիայլոց այս օրերին էլ լայն թափով ընթանում են, պիտի ասեմ, որ աշխատանքների շուրջ 80%-ը ավարտված է։ Այս պահին Գորիսի հատվածում տեղադրվում են հենասյուներ, և առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ շինարարությունն այս տարվա ավարտին հասցնելու համար և հույս ունենք 2026-ին գիծը գործարկել»,- ասել է Խուդաթյանը։
Նախարարն ասել է, որ գծի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար՝ թույլ տալով եռապատկել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կամ տարանցման ծավալը։
ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը նախատեսվում է 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1200 ՄՎտ-ի։ Կառավարության համապատասխան որոշման մեջ նշվում է, որ էլեկտրահաղորդման նոր գիծը հնարավորություն կստեղծի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում: Այպիսով, Հայաստանը տարեկան կկարողանա արտահանել մինչև 7-7,5 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, եթե էլեկտրամատակարարման ռեժիմները հաստատվեն ամենաիդեալական վիճակում, միջին հաշվով հնարավոր կլինի արտահանել մինչև 5,5-6 մլրդ կՎտ/ժամ։
Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսվել է 2006-ին։ Սակայն ակտիվ շինարարական աշխատանքները սկսել են միայն 2015–2016-ին։ Շինարարության ավարտի ժամկետները բազմիցս փոփոխվել են։
2004-ի կնքված համաձայնագրով՝ բնական գազի մատակարարման դիմաց Իրանը Հայաստանից ստանում է էլեկտրաէներգիա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



