
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:
Նախագահը կարեւորել է Հայաստանի համար Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը: Ըստ Արմեն Սարգսյանի՝ տնտեսական աճը, կայուն և արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:
Երկրի ապագայի համար կարևորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը և այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



