jkjhkjhkj

22-03-2019 12:01 2994

 

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է իր դրական եզրակացությունը:

Նախագծով առաջարկվում է, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ հրապարակային օֆերտայում տուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում այն կրկին կատարելու դեպքում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։

ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը նշեց, որ պետք է արգելել նման կազմակերպությունների գործունեությունը:

«Մեր խնդիրը որն է՝ այդ կազմակերպությունների գործունեությունը, թե՞ դրանց գովազդումը: Ես կարծում եմ, որ դրանց գործունեությունն է խնդիրը, եղել է և լինելու է: Կարծում եմ՝ պետք է արգելել այդ գործունեությունը»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկել են «Լուսավոր Հայաստանի» հետ, և կողմ են չլիցենզավորված ընկերությունների կողմից նշված ծառայությունների գովազդման տուգանքի բարձրացմանը:

«Մենք կողմ ենք և գովազդի արգելքին, և գործունեության արգելքին», - հայտնեց ԿԲ նախագահը:

Ըստ օրինագծին կից ներկայացված հիմնավորման՝ վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած՝ «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում, փողոցներում: Այդ գործընթացի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են հայտնել նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք հորդորում են չօգտվել նշված անձանց կողմից առաջարկվող ծառայություններից: Ներկայումս հարցը չի կարգավորվում որևէ օրենքով, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու մասով: Ըստ այդմ՝ օրինագծով սահմանվում է, որ խնդրո առարկա գործունեությունը վարչական իրավախախտում է և նախատեսվում է համապատասխան սանկցիա նման գործունեություն ծավալելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր