ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում է կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից եւ հանձնել լաբորատոր հետազոտության։
ՍԱՏՄ-ից հայտնել են, որ փորձաքննությամբ «Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել է սալմոնելա։
«Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, եւ կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով»,- ասված է հաղորդագրությունում:
Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



