Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը:
Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց փոխել խափանման միջոցը. «Այս պահի դրությամբ պաշտպանյալիս նկատմամբ կիրառված է խափանման միջոցների համակցություն, մասնավորապես բավական խոշոր չափով գրավ, բացակայելու արգելք, վարչական հսկողություն։ Հաշվի առնելով, որ համակցությունը կիրառվել է այն ժամանակ, երբ ունեինք վկայի հարցաքննության խնդիր, միջնորդում ենք համակցությունից հանել վարչական հսկողությունը»։
Հանրային մեղադրողն առարկեց. «Այդ խափանման միջոցի կիրառման պայմաններում են զսպվել այն ռիսկերը, որոնք տեսել ենք։ Ուստի այս փուլում առարկում եմ ներկայացված միջնորդությանը»։ Սակայն դատարանը որոշեց խափանման միջոցներից երեքից երկուսը վերացնել՝ թողնելով բացակայության արգելքը:
Նիստի ժամանակ հանրային մեղադրողը պնդեց, որ Վարդանյանն իր արարքը կատարել է դիտավորությամբ ու հիշեցրեց, որ Վարդանյանն ի պատասխան բոլոր հարցերի, թե ինչու մոտեցար տուժողին եւ այդ գործողությունները կատարեցիր, պատասխանել է, որ 2018-ից սկսած, երբ ՀՀ –ում տեղի է ունեցել հեղափոխություն, տեսնելով ՔՊ իշխող վերնախավի իրականացրած քաղաքականությունը, որի հետեւանքով բոլոր ոլորտներում տապալել են քաղաքականությունը, հանրային պարսավանքի է փորձել ենթարկել ՔՊ ներկայացուցիչ պատգամավորին. «Ասում է՝ պետաիշխանական լիազորություններով օժտված անձի դեմ քաղաքացու վրդովմունքն եմ արտահայտել: Պետաիշխանական լիազորությունները ո՞րն են, դրանք այն լիազորություններն են, որ ունեն պաշտոնյաները ու այդ շրջանակում կարող են կայացնել որոշումներ, որոնք անձանց լայն շրջանակի համար պարտադիր են: Վարդանյանը նշում է, որ որպես քաղաքացի ցանկացել է հանրային պարսավանքի ենթարկել, քննադատել, նորմալ է: Եթե լինի իրական քննադատություն, դա չի կարող որեւէ կերպ սահմանափակվել: Բայց այ դավաճան, հակահայ վիժվածք, ժեխ… սա քննադատությո՞ւն է: Սա՞ կարող է տեղավորվել խոսքի ազատության շրջանակներո՞ւմ»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



