
10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Համաժողովը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` ԴիջիԹեք բիզնես ֆորումը 2017-ին կշարունակի նախորդ տարվա ուղղությունները, որոնք, մասնավորապես, նվիրված են ռազմարդյունաբերությանը, անվտանգությանը։
«Անդրադարձ է կատարվելու նաև պետգնումների գործընթացին, պետգնումներին հայկական ընկերությունների մասնակցության խնդիրներին։ Համագործակցելով Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ համաժողովին մի մեծ հատված կնվիրենք զբոսաշրջությանը։ Տեղի կունենան մի շարք պրոբլեմային քննարկումներ, որոնց կհետևեն նաև տուրիզմի բնագավառում հայկական ընկերությունների պրոդուկտների ցուցադրություններ»,- ասել է Կարեն Վարդանյանը։
Բիզնես համաժողովի շրջանակներում անդրադարձ կլինի նաև վերականգնվող էներգիայի և բնապահպանության խնդիրներին։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



