
Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզի Կողբ գյուղից Վիկտորիա Ավագյանը եւ Ռոբերտ Ղուլիջանյանը մասնակցել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:
Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում երեխաները ծանոթացել են համաշխարհային տեխնոլոգիական նորություններին, ռոբոտաշինության, անիմացիոն ֆիլմերի ու կայքերի ստեղծման նրբություններին:
Ըստ բանկի տարածած հաղորդագրության` երեխաների ընտրությունը կատարվել էր՝ ելնելով նրանց՝ ճամբարի մասնակցությունից ակնկալվող արդյունքների հիմնավորումներից: Դպրոցականները նշել էին, թե Կողբ գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» խմբակ են հաճախում, իսկ «Թումո»-ի ամառային ճամբարին մասնակցությունը հնարավորություն կտա խորացնել տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքները, ինչը հետագայում կարող են ոչ միայն փոխանցել համագյուղացի երեխաներին, այլև օգտագործել կյանքում՝ անկախ, թե ինչ մասնագիտություն կընտրեն հետագայում:
Կոնվերս Բանկում վստահ են, որ միջազգային չափանիշներին, տնտեսության զարգացման միտումներին համահունչ կրթություն ստացած, աշխատանքի շուկայում մրցունակ երիտասարդներն են կերտելու Հայաստանի ապագան:
«Թումո» կենտրոնի հինգերորդ ամառային ճամբարին մասնակցել է ավելի քան 100 երեխա՝ 10 բնակավայրից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



