
Ուզբեկստանում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դուստր Գյուլնարա Քարիմովան: Նա մեղադրվում է խարդախության, մաքսային օրենսդրությունը խախտելու, արտարժույթը թաքցնելու, առևտրի օրենքները խախտելու կամ դրա ծառայություններ տրամադրելու, փաստաթղթերի կեղծման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ երեք մասնավոր ընկերությունների նկատմամբ հարկերի վճարումից խուսափելու հարցով քրեական գործի հետաքննության ժամանակ պարզվել է, որ Քարիմովան կարող է ներգրավված լինել այդ հանցագործություններում:
Տաշքենդը նաև դիմել է մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին՝ խնդրելով ձերբակալել հանցավոր խմբի ակտիվները, որի հետ կապված է եղել Քարիմովան:
Քննության նյութերի համաձայն՝ 12 օտար երկրի տարածքում հայտնաբերվել են 1,394 միլիարդ դոլարի, 63,5 միլիոն եվրոյի, 27,1 միլիոն ֆունտի և 18,5 միլիոն ֆրանկի՝ կազմակերպված հանցավոր խմբի օրինականացված ակտիվներ:
Մասնավորապես՝ Շվեյցարիայում իրավապահները հայտնաբերել են 777,8 միլիոն դոլար և առանձնատներ: Հանցավոր խմբին են նաև պատկանում գումարներ և անշարժ գույք Ֆրանսիայում, Հոնկոնգում, Գերմանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Լատվիայում, Իռլանդիայում, ԱՄԷ-ում, Մալթայում և Իսպանիայում:
Ռուսաստանում ուզբեկ քննիչները գտել են 6 միլիոն դոլարի ակտիվներ, պենթհաուս, Մոսկվայի «Ռուբլյովկա» թաղամասում առանձնատուն և ութ բնակարան, հյուրանոցային համալիր, բնակելի տուն և հողատարածք:
Քարիմայի մեղքը հաստատել են հանցավոր խմբի անդամների, ականատեսների, տուժածների ցուցմունքները, ինչպես նաև հանցագործների կառավարման տակ գտնվող ընկերությունների ստուգումները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



