Fitch-ն Ամերիաբանկի վարկային վարկանիշը պահպանել է «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ: Ինչպես նշված է Fitch Ratings օգոստոսի 23-ի մամուլի հաղորդագրությունում, դա երկարաժամկետ վարկանիշն է օտարերկրյա և ազգային արժույթով, իսկ օտարերկրյա և ազգային արժույթով կարճաժամկետ վարկանիշը պահպանվել է «B» մակարդակում:
Բանկի գործունեության արդյունավետությունը, կապիտալն ու իրացվելիությունն աչքի են ընկնում հաշվեկշռվածության բարձր աստիճանով, ինչին նպաստում են Հայաստանի տնտեսության վերականգնումն ու դրամի կայունությունը, կարծում են Fitch-ի վերլուծաբանները: Սակայն նրանք նշում են, որ գերակշռող դոլարային վարկերի մեծ կենտրոնացումը հաշվեկշռում ստեղծում է ռիսկեր:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջատար է ընդհանուր կապիտալի, ակտիվների, վարկային ներդրումների, պարտավորությունների, միջազգային կառույցներից միջոցների ներգրավման գծով:
2017թ. հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 67.8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը`39.8 մլրդ դրամ, ակտիվները` 653.3 մլրդ, վարկային ներդրումները` 419.9 մլրդ (ակտիվների 64,3%), արժեթղթերում ներդրումները` 67.3 մլրդ (այդ թվում` պետական պարտատոմսերում` 58.3 մլրդ):
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկն արժանացել է պագրևների Global Finance-ից (2016, 2015, 2013, 2012 թթ.), The Banker/FT-ից (2016, 2015, 2013, 2010 թթ.), Euromoney-ից «Գերազանցություն» մրցանակ (2017, 2016, 2014, 2012, 2011թթ.): Որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս «Ամերիա Գրուպը»` 65,8%, EBRD` 20,7%, ESPS Holding Limited` 13,5%. (30.06.17թ. դրությամբ դրամի հաշվարկայի փոխարժեքը 480,47 դրամ/1դոլար էր):
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


