05-09-2017 12:48
2250
Կոնվերս Բանկն ավարտել է թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը: Անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը սահմանված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են:Ըստ Բանկի հաղորդագրության` օգոստոսի 3-ից սկսած գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է 1 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 10,5% է, իսկ արդյունավետ տոկոսադրույքը՝10,78%:
Սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ՝ մայիսին, բանկը հաջողությամբ տեղաբաշխել էր դոլարային պարտատոմսերի առաջին տրանշը` ընդհանուր $6 մլն անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս:
Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը, համաձայն հաղորդագրության, վկայում է բանկի պարտքային արժեթղթերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Արձագանքելով ձևավորված պահանջարկին՝ բանկը մտադիր է շարունակել թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի թողարկումը՝ մշտական մասնակցություն ապահովելով պարտատոմսերի շուկայում:
Տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



