
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է Տավուշի մարզ՝ գործարարների հետ քննարկելու մարզային տնտեսվարողների խնդիրները:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ իրենց այցի հիմնական նպատակը մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումն է, քանի որ մարզային կառույցներ հանձնաժողովը չունի:
«Խոստանում ենք հետևողական լինել և աշխատանքներ անցկացնել այդ ուղղությամբ: Պետությունը կարևորագույն բարեփոխումներ է իրականացնում տնտեսության ոլորտում», - ասաց Շաբոյանը:
Նա ներկայացրեց տնտեսական մրցակցության համաշխարհային զեկույցի ցուցանիշները և նշեց, որ այս տարվա ընթացքում մրցակցության ոլորտում զգալի առաջընթաց ենք արձանագրել, ցուցանիշներով անցել ենք ԵԱՏՄ արևելյան Եվրոպայի և հարևան երկրներից:
«Դա կարևոր նշանակություն ունի, բայց ավելի կարևոր է, որ տնտեսվարողներն իրենց մաշկի վրա զգան այդ բարեփոխումները, պետք է տնտեսվարողները հավատան և վստահ լինեն, որ պետությունը կանգնած է իրենց կողքին»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր տնտեսվարողները պետք է նաև վստահ լինեն, որ մրցակցության կանոնները, պայմանները բոլոր համար հավասար են և արտոնյալներ չկան:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



