
Վերջերս Ռուսաստանում հրապարակվել է այս տարվա երրրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց արտերկիր կատարած դրամային փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ընդ որում, ի տարբերություն Հայաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվության, ռուսաստանյան լուրը ներկայացնում է նաեւ մեկ դրամական փոխանցման միջին ծավալը։ Ինչպես նաեւ, եւս սա պակաս կարեւոր չէ, դրամական փոխանցում կատարողներն ու ստացողները բաանված են որպես երկրի ռեզիդենտներ եւ ոչ ռեզիդենտներ։
Վերջին տարիներին Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան կտրուկ նվազել է։ Վերջին երկու տարվա հունվար–հոկտեմբեր ամիսների ընթացքում այս երկրից դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է համարյա 1,9 անգամ։ Միաժամանակ, ավելացել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների ծավալը՝ մոտավորապես 1,4 անգամ։ Ռուսաստանից գումարների հոսքը միշտ էլ գերազանցել է Հայաստանից կատարված փոխանցումների ծավալը։ Սակայն այս տարբերությունը հետեւոզականորեն նվազում է։ Ներկայացնենք նույն հունվար–հոկտեմբերի վիճակագրությունը։ Եթե դրական սալդոն երկու տարի առաջ կազմում էր 1 միլիարդ 144 միլիոն ԱՄՆ դոլար, ապապ այժմ այն կրճատվել է մինչեւ 447 միլիոն։ Այսինքն՝ կրճատվել է 2.6 անգամ։
Այս տարվա երրորդ եռամսյակում միջին դրամական փոխանցումը Ռուսաստանից Հայաստան կազմել է 217 ԱՄՆ դոլար, այդ թվում Ռուսաստանի ռեզիդենտների կողմից 258, ոչ ռեզիդենտներինը՝ 195 ԱՄՆ դոլար։ Սակայն դրամական փոխանցումների ծավալների առումով առաջատարը ոչ ռեզիդենտներն են. 137 միլիոն դոլար նշված եռամսյակում՝ ռեզիդենտների 97 միլիոն դոլարի համեմատ։
Ռուսաստանի ռեզիդենտները կարող են լինել ինչպես այդ երկրի քաղաքացիները (այդ թվում՝ մեր հայրենիկցները), այդպես էլ աշխատանքային միգրանտները (որոնք կարգավիճակը ձեռք են բերում Ռուսաստանում տեւական ժամանակ գտնվելու արդյունքում)։ Նշված տեղեկություններից պարզ է դառնում, որ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ կատարողների մեծ մասը ոչ ռեզիդենտ է։ Իսկ նրանց եկամուտները, դատելով միջին փոխանցման ծավալից, զգալիորեն ցածր են ռեզիդենտների եկամուտներից։
Հայաստանից Ռուսաստան միջին դրամական փոխանցումը երրորդ եռամսյակում կազմել է 1774 ԱՄՆ դոլար, այսինքն՝ 8,2 անգամ գերազանցել է այդ երկրից դրամական հոսքը։ Հայաստանից փոխանցվող գումարների առյուծի բաժինը փոխանցվում է Ռուսաստանի ռեզիդենտների կողմից (այս երրորդ եռամսյակում՝ ավելի քան 80 տոկոս)։ Ռուսաստանի ռեզիդենտները մեր երկրից միջինը ստանում են մեկ փոխանցումից 2049, իսկ ոչ ռեզիդենտները զգալիորեն ավելի քիչ՝ «ընդամենը» 1160 ԱՄՆ դոլար։
Սմբատ Գրիգորյան
Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/364133.html
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



