
2017 թվականի նոյեմբերի 23-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը։
«Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: Ինչպես 2015 և 2016թթ.՝ այս անգամ ևս որպես տեղաբաշխող՝ հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, որը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է կազմակերպության պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ Իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ»,- ասաց նա։
Արամ Ղուկասյանը նշեց, որ այս տարի նախատեսվում է իրականացնել 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկում, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է 7%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, եկամուտների կիսամյակային վճարման պարբերականությամբ: 1 դոլարային պարտատոմսի անվանական արժեքն այս պահին կազմելու է 100 դոլար, ընդհանուր անվանական քանակը՝ 10 հազար հատ։ Ինչ վերաբերում է դրամային պարտատոմսերին, ապա այս տարի ընկերությունը նախատեսում է թողարկել 300 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմելու է 10%, շրջանառության ժամկետը՝ 12 ամիս, 1 պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10 հազար դրամ, իսկ ընդհանուր թողարկվող քանակը՝ 30 հազար հատ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



