
2018թ. Կոնվերս Բանկն աջակցելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին:
Բանկի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում նմանը չունեցող թատրոնի այս տեսակն իր պարզ, սակայն դինամիկ լուծումների շնորհիվ կարող է օգտագործվել ավելի շատ ներկայացումների համար:
«Կոնվերս Բանկը մեծ ոգեւորությամբ է միացել Մայր թատրոնի նոր՝ ժամանակակից լուծումներ պահանջող նախաձեռնություններին: Ընդհանրապես, բանկն ուշադրության կենտրոնում է պահում նորարարական նախագծերը թե՛ բիզնես միջավայրում, թե՛ մշակութային ու կրթական ոլորտներում: Մեր համար անչափ կարեւոր է այս համագործակցությունը եւ Մայր Թատրոնի մի քանի հետաքրքիր ձեռնարկներում ներգրավվածությունը՝ որպես գլխավոր աջակից»,- ասել է Կոնվերս Բանկի տնօրինության անդամ Գոհար Հարությունյանը:
Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր թատրոնն արդեն հանդիսատեսին է ներկայացրել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ նոր մեկնաբանությամբ:
«Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ում բարձրացված խնդիրներն արդիական են նաեւ մեր օրերում: Այն վաղուց արդեն թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային թատրոնների խաղացանկի անբաժանելի մասն է: Նոր բեմադրությունը կտարբերվի նախորդներից իր լուծումներով եւ նորարարական մոտեցմամբ»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ներկայացումը՝ իր դինամիզմի, նոր լուծումների շնորհիվ հետաքրքիր կլինի նաեւ երիտասարդությանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



