Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:
Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի միջև:
«Արդեն կարող ենք հայտարարել ծրագրերի մեկնարկի մասին: Հաջորդ քայլով կապալառու ընկերությունները համապատասխան բանկերի հետ պայմանագրեր են կնքելու, որից հետո շահառուները բանկեր կարող են ներկայացնել ծրագրերի մասնակցության հայտերը»,-նշել է Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարը հավելել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պտղատու այգիներ այսօր Հայաստանում շատ չկան, և նման ծրագրերի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան զբաղվել մրցունակ գյուղատնտեսությամբ:
«Հանրապետությունում բնական աղետների, մասնավորապես կարկտահարության դեպքում, մշակաբույսերի վնասվածության աստիճանը լինում է մեծ. երբեմն 80-100 տոկոսի չափով բերքի կորուստ ենք ունենում: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման շնորհիվ այգին գրեթե 100 տոկոսով կապահովագրվի, իսկ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչև 50 տոկոս խնայողություն ունենալ»,-ասել է Հարությունյանը:
Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:
«Մենք ունենք մասնաճյուղերի մեծ ցանց ՀՀ ամբողջ տարածքում և պատրաստվում ենք գյուղացիական տնտեսություններին տեղեկացնել նոր ծրագրերի մասին, կարծում են նույնիսկ բոլորն արդեն տեղյակ էին այս մասին և սպասում էին մեկնարկին»,-նշել է Նորիկ Նազարյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



Մեկնաբանություն