
Հեղինակավոր «International Journal on Hydropower & Dams» միջազգային ամսագիրը «Փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման հայկական նախագիծը մոտենում է ավարտին» հոդվածում անդրադարձել է Արդշինբանկի և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև կնքված պայմանագրին, որի շրջանակում ֆինանսավորվել են փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում իրականացվող նախագծերը: Այդ մասին finagent.am կայքին տեղեկացնում են Արդշինբանկի մամուլի ծառայությունից: Ըստ պարբերականի հաղորդագրության` Արդշինբանկից ստացված տվյալների համաձայն, վարկային միջոցներն ուղղվել են տեղական 10 փոքր և միջին ձեռնարկությունների` 0.8-ից 8.4 մեգավատ հզորություն ունեցող 13 հիդրոէլեկտրակայանի ֆինանսավորմանը, որոնց միջին տարեկան ակնկալվող արտադրողականությունը կկազմի 161.7 գեգավատ/ժամ: Այդ ՀԷԿ-երից 7-ը ընդհանուր 17.97 մեգավատ հզորությամբ նախագծեր են, իսկ մնացած 6-ը (19.5 մեգավատ) նախատեսում են վերազինման աշխատանքների իրականացում:
Ինչպես նշվում է ամսագրում «Հայաստանի թվով երկրորդ ամենախոշոր բանկերից մեկին` Արդշինբանկին տրամադրած ֆինանսավորումը համապատասխանում է Զարգացման ֆինանսական հաստատությունների գլխավոր ռազմավարական նպատակներին, այն է` նպաստել զարգացող շուկաներում էլեկտրամատակարարման հասանելիության և սոցիալ-տնտեսական զարգացման աճին:
«OPEC-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի համար ֆինանսավորումը ունի կրկնակի նշանակություն. խթանել փոքր ՀԷԿ-երի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև աջակցել ՓՄՁ-ներին` ստեղծելով նոր աշխատատեղեր», նշեց OPEC-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի Մասնավոր Հատվածի աշխատակից Խալիդ Խադուրին հոկտեմբերի վերջին «Hydropower & Dams»-ին տված իր հարցազրույցում:
Միջազգային ֆինանսական հաստատությունները մեծ աջակցություն են ցուցաբերել Հայաստանի փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանը` Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գերմանիայի KfW բանկի ակտիվ ֆինանսավորմամբ:»:
«International Journal on Hydropower & Dams» միջազգային ամսագիրը կարդում են աշխարհի ավելի քան 176 երկրներում: Ամսագիրը անդրադառնում է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների զարգացման ծրագրերի տեխնիկական, բնապահպանական, սոցիալական և տնտեսական ասպեկտներին:
Նշենք, որ իր հաշվեկշռային հիմնական ցուցանիշներով Արդշինբանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում: Բանկի ընդհանուր կապիտալը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 54 մլրդ դրամ (տարեկան աճը`11,6%), ակտիվները` 504.7 մլրդ դրամ (տարեկան աճը` 26%), վարկային ներդրումները`337.7 մլրդ դրամ (տարեկան աճը` 23%): Բանկի զուտ շահույթը 2016-ին կազմել է 4.6 մլրդ դրամ, տարեկան աճը`2.3 անգամ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



