
Cbonds տեղեկատվական գործակալությունն հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը: ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկումներ 22 մլն դոլար ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում ասնաբաժինը`7.12%):
Ինչպես finagent.am կայքին տեղեկացնում են Բանկի մամուլի ծառայությունից, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի, ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխողների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առկա առողջ մրցունակությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը:
Հիշեցնենք, որ Cbonds-ը Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և այլ զարգացող երկրների ֆիքսված եկամտի շուկաներում մասնագիտացված անկախ առաջատար տեղեկատվական գործակալություն է: Իր գործունեության ավելի քան 10 տարինեիր ընթացքում Cbonds-ը տրամադրում է պարտատոմսերի բազայի, ինդեքսների, շուկայի նորությունների և վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Նշենք, որ 2016 թվականի կեսերին Ամերիաբանկը թողարկեց 15 մլն.դոլար ծավալով արժեկտրոնային դոլարային պարտատոմսեր (Abond ցուցակ): Դրա հետ մեկտեղ, 2016 թվականի հունիսին իր ներդրումային կառավարչի` responsAbility Investments AG ընկերության միջոցով լյուքսեմբուրգյան 4 ներդրումային ֆոնդերում հաջողությամբ տեղաբաշխեց 20 մլն.դոլար ծավալով պարտատոմսեր, նախատեսելով տեղաբաշխումից ստացված միջոցներն ուղղել ՓՄՁ ոլորտի վարկավորմանը, ինչպես նաև էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի նախագծերի ֆինանսավորմանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



