Այսօր կայացել է Հայէկոնոմբանկի բաժնետերերի տարեկան ժողովը:
Ինչպես տեղեկացրել ենfinagent.am -ին Հայէկոնոմբանկից, 2017թ. բանկում արձանագրվել են մի շարք էական նվաճումներ և հիմնական ցուցանիշների զգալի աճ:
«2017-ն առաջընթացի հերթական տարի էր մեզ համար: Բանկի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն ապահովեցին ծրագրային նպատակները ինչպես ծավալային, այնպես էլ որակական առումով։ Ունեցել ենք բավական տպավորիչ արդյունքներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ բանկը բավարարվելու է ձեռք բերվածով»,- նշել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
Այս տարի բանկը ավանդույթի համաձայն կվճարի շահաբաժիններ:
Բանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ շահույթը ավելի քան 2,5 անգամ կամ 960 մլն դրամով աճել և կազմել է 1 550,4 մլն դրամ:
2017 թ. Հայէկոնոմբանկի ակտիվներն աճել են 30,5%-ով՝ կազմելով 190,8 մլրդ դրամ, հաճախորդներին տրված վարկերը՝ 38,9%-ով` կազմելով 104,2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 37,3%-ով կամ 24,9 մլրդ դրամով՝ կազմելով 91,7 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալն աճել է 5,3%-ով:
Նրա խոսքով՝ 2017-ին բանկը շարունակել է փոխշահավետ համագործակցությունը միջազգային ֆինանսավարկային կառույցների եւ արտերկրի խոշորագույն առեւտրային բանկերի հետ:
2018թ. հունիսի 28-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը կազմում է 32,5 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 33,1 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 200,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 130,1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները՝ 44,1 մլրդ դրամ, շահույթը` 995 մլն դրամ:
Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


