31-01-2017 17:37
1885

Պարզաբանման մեջ ասվում է, որ Nutricia ընկերության Nutrilon մանկական կերն արտադրվում է Լեհաստանում, տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, այդ իսկ պատճառով ապրանքի տարաները պարունակում են բազմալեզու նկարագրություն։
Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ. «Nutricia ընկերությունը հանդիսանում է մանկական սնունդ արտադրող աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկը՝ ներկայացնելով իր արտադրանքն ավելի քան 130 երկրներում:
Nutricia ընկերության Nutrilon մանկական կերն արտադրվում է Լեհաստանում: Անտեսելով այն փաստը, որ ապրանքի վրա հստակ նշված է արտադրման երկիրը՝ մենք ցպահանջ պատրաստ ենք հավելյալ ներկայացնել պաշտոնական բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Nutrilon մանկական կերն արտադրվում է Լեհաստանում:
2006 թվականից մինչ օրս Սլավ Գրուպ ՓԲԸ-ն հանդիսանում է Nutricia ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: Nutrilon մանկական կերը Հայաստան է ներկրվում՝ պահպանելով սննդի անվտանգության միջազգային և ՀՀ բոլոր նորմերը:
Ցանկանում ենք ավելացնել, որ Հայաստան ներկրվող Nutrilon մանկական կերերի խմբաքանակներն Nutrica ընկերության կողմից արտադրվում են Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Հայաստանի, Ղրղըզստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի համար, այդ իսկ պատճառով ապրանքի տարաները պարունակում են բազմալեզու նկարագրություն:
www.shamshyan.com կայքից պահանջում ենք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի վերաբերյալ զրպարտանք պարունակող հոդվածի հրապարակային հերքում»:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունը ևս արձագանքել է: Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:
ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



