jkjhkjhkj

06-07-2018 19:33 3894

IMG 1894

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց ձորում մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային եւ ճանապարհներին:

«Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ այլևս Հայաստանում բացառվելու են մենաշնորհները, այդ թվում՝ խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանման ուղղությամբ: Կառավարությունը խրախուսելու է, որպեսզի անասնապահությունը զարգանա և գյուղացին արտահանումից ստանա առավելագույն եկամուտ:

«Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում, սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից: Մենք պետք է որեւէ չարաշահում բացառենք: Նման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի և ընթացք կստանա: Այսօր որեւէ մեկը որեւէ մեկի առաջ չի կարող որեւէ պարտավորություն ունենալ: Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս կանոնների շրջանակում աշխատել, ունեն իրենց համայնքների ժողովրդի աջակցությունը՝ մենք պատրաստ ենք այդ համայնքների ղեկավարների հետ աշխատել, ուս ուսի տալ և շարժվել առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր