
Այս տարվա առաջին կիսամյակում Պետեկամուտների կոմիտեն հավաքագրել է 649.7 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 15.6 տոկոսով: Նշվածից 496.8 միլիարդ դրամը հավաքագրվել է հարկային մարմիններից, 152.9 միլիարդ դրամը՝ մաքսային մարմիններից` հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 88.2 միլիարդ դրամ կամ 15.6 տոկոս: Հարկային մասով աճը կազմել է 68.9 միլիարդ դրամ կամ 16.1 տոկոս, մաքսային մասով՝ 19.3 միլիարդ դրամ կամ 14.4 տոկոս: Ընդ որում՝ ավելի հավաքագրված 88.2 միլիարդ դրամ գումարից 32.3 միլիարդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Անդրադառնալով հարկային մարմինների կողմից իրականացված վարչարարությանը՝ նա նկատեց, որ վեց ամսվա կտրվածքով համալիր ստուգումների թիվը կազմել է 477, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 21 տոկոսով:
Դավիթ Անանյանի խոսքով՝ վարչարարությունն առավելապես ուղղված է միջին ու խոշոր հարկ վճարողներին, փոքրերի մոտ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



