jkjhkjhkj

14-08-2018 17:39 4633

IMG 2393

 

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակյության հետ կապերի ծառայության հաղորդագրության, 2018 թ. հուլիսին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.3%: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռևս պահպանվելով համեմատաբար բարձր մակարդակում: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին՝ տատանվելով թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջանակներում։

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել են դրան համադրելի գնաճային զարգացումներ: ԿԲ խորհրդի գնահատմամբ, տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ առևտրային սահմանափակումների և պատժամիջոցների կիրառման ներքո դիտվել է ֆինանսական շուկաների տատանողականության աճ, ինչը ներկայումս ՀՀ ֆինանսական շուկաների համար զգալի ռիսկեր չի պարունակում, սակայն ցանկացած ռիսկի դրսևորման պարագայում ԿԲ-ն կարձագանքի համարժեքորեն:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. հունիսին վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսության աճի արագացման շնորհիվ տնտեսական ակտիվությունը վերականգնվել է՝ երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված դանդաղումից հետո: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկայում համախառն պահանաջարկը աստիճանաբար կթուլանա` պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով, ինչն արտահայտվում է նախատեսվածի համեմատ ծախսերի զգալի տնտեսումներով:

Հաշվի առնելով ակնկալվող զարգացումները՝ ներքին պահանջարկի դանդաղումը և արտաքին աշխարհի թույլ գնաճային միջավայրը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր