Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, ներգրավել է 140 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի»՝ երկրի խոշորագույն էներգարտադրող հաստատություններից մեկի համար։ Սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է: Ֆինանսավորումը կտրամադրվի «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» միջազգային էներգետիկական ընկերությանը, որը 2015 թվականին ձեռք է բերել «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը»։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է 45 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ IFC-ի սեփական միջոցներից և դրան զուգահեռ՝ 65 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Գերմանական զարգացման բանկից, ևս 30 միլիոն ԱՄՆ դոլար՝ Գերմանիայի ներդրումների և զարգացման կորպորացիայից։ Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ- երի համալիրը», որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։ Դրա արդյունքում ակնկալվում է արտադրել տարեկան 1,150 գիգավատտ-ժամում էներգիա, ինչը կօգնի պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ, կանխելով տարեկան մոտավորապես 55,000 տոննա ջերմոցային գազերի արտանետումը։ Ակնկալվում է, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը և լրացուցիչ 60,000 սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի։ «Շատ ուրախ ենք այս նորարարական, երկարաժամկետ ֆինանսավորման փաթեթը Որոտանին տրամադրելու աշխատանքներն ավարտելու կապակցությամբ, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել IFC-ի, ԳԶԲ-ի և ԳՆԶԿ-ի մեր գործընկերներին՝ ծրագրին պատրաստակամորեն մասնակցելու համար», - նշել է «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը։ Այս ֆինանսավորման փաթեթի տրամադրումը նշանավորվում է նաև առաջին անգամ IFC-ի կողմից Հայաստանի ենթակառուցվածների պարտքային ֆինանսավորմամբ։ Ի հավելումն վարկի, IFC- ն տրամադրել է նաև տոկոսային սվոփ, որը «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերությանը կօգնի հեջավորել ֆինանսական փաթեթի տոկոսային ռիսկը, պաշտպանելով այն տոկոսադրույքի տատանումներից։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով
Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: