Եկամտահարկի դրույքաչափի նվազեցումից հարկային կորուստներ կլինեն, սակայն դրանք կլրացվեն ստվերի կրճատման հաշվին, հայտարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
«Եկամտահարկի դրույքաչափը կարող է 2019 թ. հունվարի 1-ից սահմանվել 20%: Դրա հետևանքով հարկային եկամուտների կորուստներ կունենանք, սակայն դրանք կլրացվեն հարկ վճարողների կողմից իրական աշխատավարձերի հայտարարագրման, բոլոր աշխատողների գրանցման և ստվերի կրճատման հաշվին: Սակայն այս հարցը դեռ քննարկման փուլում է»,- ասաց Մաշադյանը:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին ու տեղի ունեցած միջադեպերին, որտեղ նշվում էր, որ ՊԵԿ աշխատակիցները ՀԴՄ կտրոնների ստուգումներ իրականացնելիս անհիմն գործողություններ են իրականացրել:
«Երբ իմացանք, որ Արտաշատում ժողովրդի կողմից դժգոհություն կա, Կոմիտեի նախագահի հետ կարճ ժամանակում եղանք տեղում ու փորձեցինք հասկանալ` ինչն է խնդիրը: Ներկայացվեց, որ ՊԵԿ ստուգողների կողմից եղել է մի քանի գնում ու վերջին գնման ժամանակ, երբ մոլորության արդյունքում չի տրվել կտրոնը, այդ ժամանակ էլ կտրոն չտրամադրողը տուգանվել է: Քանի որ նոր ՀԴՄ-ներ են կիրառվում, որոնք ցույց են տալիս, թե երբ է կտրոն տրվել, տեսանք, որ նախորդ գնումներն էլ չեն արտացոլվել ՀԴՄ կտրոններում»,- ասաց ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


