Կառավարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի որոշ դրույթներ։
Ըստ Ֆինանսների նախարարության նախագծի, փոփոխությունները վերաբերում են կանխավճարին, տարիքային շեմին, նաև տոկոսադրույքներին։
Ըստ գերատեսչության տվյալների՝ ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն:
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է որպես ամուսինների տարիքային գումար դիտարկել ոչ թե 65 տարին, այլ 70-ը։
Բացի այդ, առաջարկվում է փոխել Երևանի և մարզերի համար կանխավճարի չափը․ ներկայումս այն կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը, նախարարությունն առաջարկում է այն դարձնել 20 տոկոս։
Այսինքն՝ առաջարկի համաձայն հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը, ընդ որում՝ ոչ ավելի, քան 20 մլն դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:
Օրենքի նախագծում ներկայումս ամրագրված է, որ հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը։
Այս դրույթն առաջարկվում է փոխել հետևյալ պարբերությամբ․ «Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարին առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը»։
Ըստ կառավարության՝ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 20 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, ինչը կարող է որոշակիորեն աշխուժացնել անշարժ գույքի շուկան։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


