
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նախօրեին ընդունել է China National Electric Engineering Company (CNEEC)»-ի պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահ Ժան Չենյունի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, Գարեգին Բաղրամյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան, ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն։
Քննարկվել են չինական ընկերության համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Հյուրերն ընդգծել են Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և նշել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգում վերազինման ու վերակառուցման, արդիականացման անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: China National Electric Engineering Company (CNEEC)-ի ներկայացուցիչները կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ և մեծագույն ցանկությունը, որը կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



