
Polymetal International ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի ձեռներեցներ Ալեքսանդր Ներսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ գործարար Պյոտր Քելներին, բանակցում է Կապանի իր ոսկու հանքը՝ Kapan Mining and Processing Company-ին Chaarat Gold ընկերությանը վաճառելու մասին: Այդ մասին երկու կողմերը հայտարարել են ի պատասխան այդ թեմայով գրված Bloomberg-ի նյութին:
Chaarat Gold օֆշորային ընկերությունն (գրանցված է իտալական Վիրգինյան կղզիներում) օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է բազմամետաղ հանք գնել ԱՊՀ-ում $75 միլիոնով և գործարքը կարող է ավարտին հասցվել արդեն նոյեմբերի սկզբին՝ այժմ նա հաստատել է, որ խոսքը Կապանի մասին է: Դեռևս վստահություն չկա, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի, ասել են ընկերությունում, սակայն, հենց որ դա լինի, Chaarat Gold-ը կաշխատի որքան հնարավոր է արագ կնքել համաձայնագիրը, հայտնում է «Կոմերսանտը»:
Ֆինանսական գծով փորձագետ Օլեգ Պետրոպավլովսկին նշել է, որ Կապանի EBITDA-ն 2018-ին կկազմի 17 մլն դոլար, իսկ ակտիվի արժեքը գնահատվում է 100-120 մլն դոլար կամ Polymetal-ի կապիտալիզացիայի մոտ 3 տոկոսը: Նա հնարավոր գործարքը համարել է «ոչ նշանակալի»:
Կապանը ներառում է համանուն հանքավայրը գործող հանքով, դեռևս չմշակվող Լիճքվազ հանքավայրը և հարստացնող ֆաբրիկան: Ընդհանուր պաշարները ոսկու համարժեքով կազմում են 0,7 մլն ունցիա (միջին պարունակությունը՝ 4,2 գ 1 տոննայում), ռեսուրսները՝ 1,9 մլն ունցիա (5,9 գ 1 տոննայում): 2017-ին Կապանում արտադրվել է 50.000 ունցիա ոսկու համարժեք՝ ոսկու, պղնձի և արծաթի և ցինկային խտանյութ: Զարգացման ծրագրով նախատեսվում է տարեկան 100.000 ունցիա կորզել:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



