ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման և դեֆոլտի մասին տեղեկություններն անվանել է ԶԼՄ–ների հորինվածք։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացրել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Հարություն Բերբերյանը:
«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ/ինֆլյացիա/, փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»:
Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող են առաջացնել անհարկի սպասումներ, որոնք տեղին չեն երկրի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից», – գրել է Բերբերյանն` ավելացնելով, որ բոլոր վերոնշյալ թեմաներով մտահոգ ԶԼՄ-ներին ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է տալ իր լիազորությունների և պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում սպառիչ և բովանդակային պատասխաններ։
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15–ին, հղում անելով իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ Ամանորի տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների հետ, և չի բացառվում, որ իշխանությունները գնան դրամի կուրսի արժեզրկման, մոտավորապես 20 տոկոսի չափով: Թերթը նաև տեղեկացրել էր, որ դեֆոլտը, որի մասին արդեն տևական ժամանակ կանխատեսում են տարբեր փորձագետներ, այլևս հնարավոր չի լինի հետաձգել։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


