
Forbes ամսագիրը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների 2018 թվականի վարկանշային աղյուսակը։ Ըստ պարբերականի՝ ցուցակը գլխավորել է Մեծ Բրիտանիան:
«Չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը, Մեծ Բրիտանիան երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում իր աշխատանքային ռեսուրսների հզորությամբ, ինովացիաներով և բյուրոկրատիայի բացակայությամբ»,-նշում է պարբերականը:
Ցանկում ընդգրկված է 161 երկիր:
Երկրորդ տեղում է Շվեդիան, այնուհետև՝ Հոնկոնգը, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան, Շվեյցարիան:
Հայաստանն աղյուսակում 81-րդն է ՀՆԱ-ի ցուցանիշի 7,5 տոկոս աճով, իսկ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է 3900 դոլար:
Ռուսաստանը ցուցակում 55-րդ տեղում է։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 44-րդ տեղում է, Թուրքիան՝ 57-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ։
Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել 15 տարբեր ցուցանիշներ՝ սեփականության իրավունքի պաշտպանություն, նորարարություն, հարկեր, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, շուկայի չափ, քաղաքական ռիսկեր, կենսամակարդակ, աշխատուժի որակ, առևտրային և ֆինանսական ազատություն, բյուրոկրատիայի մակարդակ, ներդրումային պաշտպանություն։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



