jkjhkjhkj

13-06-2023 12:54 759

Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մեկնաբանեց՝ ինչ է նշանակում օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ անվտանգության ծառայությունը։

Եղոյանը նախ նկատեց՝ լրագրողի հնչեցրած հարցը հայտարարության վերաբերյալ, թե սա նշանակում է, որ Հայաստանը չի պատրաստվում իրագործել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, կեղծ է:

«Ձեզ իրավունք չի տրվում նման հայտարարություն անել, Ձեր հարցի մեջ կա պնդում, որն արդեն կեղծ է։ Մեր հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուս սահմանապահ ուժերի ուղեկալներ, նաև մի քանի այլ կետերում էլ, պետք է տարանջատել ՀՀ իրավասության տակ գործող ճանապարհի մասի՞ն ենք խոսում, թե՞ դրանից դուրս գործող ճանապարհի։ ՀՀ-ն ասել է, որ իր իրավասությունից դուրս ճանապարհ չի լինելու։ Այստեղ մեխն այն է, որ այդ ճանապարհը լինելու է ՀՀ իրավասության ներքո։ ՀՀ սահմանը հատելիս ցանկացած օտարերկրյա մեքենա պետք է հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահի»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ այդ դեպքում ՀՀ-ի տարածքում ո՞վ է ապահովելու անվտանգությունը, Եղոյանը նկատեց. «Մեր տարածքում մենք անվտանգ ենք։ Մենք մեր տարածքում ենք, ի՞նչ ունենք անհանգստանալու»։

Ըստ պատգամավորի՝ ամեն դեպքում ռուս սահմանապահներն այդ հատվածում լինելու են, բայց ինչ ձևաչափով և ինչպես՝ դեռ հստակեցված չէ։ Նրանք այնտեղ են լինելու վերահսկողություն իրականացնելու համար, սակայն, Եղոյանի խոսքով, 21-րդ դարում տարբեր տեխնիկական միջոցներ կան վերահսկելու համար։

Ըստ նրա՝ այժմ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես են ճանապարհներն ապաշրջափակվելու, իսկ մնացածը տեխնիկական հարցեր են՝ ով որ շենքում է նստելու, որ տեսախցիկով ով է դիտարկելու ճանապարհի որևէ մետրը, լինելո՞ւ է ուղեկցում որևէ շարասյան հետևից, թե՞ ոչ։

Պատգամավորի դիտարկմամբ՝ այս հարցի շուրջ Ադրբեջանը անում է իր մեկնաբանությունները, որոնք իրենց են ձեռնտու. «Նրանց, բնականաբար, ձեռնտու է ինչքան քիչ հայկական վերահսկողություն, այդքան լավ, մեզ համար հակառաակն է՝ ինչքան շատ մեր ներկայությունը, այդքան լավ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»,- հայտնել էին Գրիգորյանի գրասենյակից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր