jkjhkjhkj

17-10-2023 16:07 782

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հոկտեմբերի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի՝ Գրանադայի գագաթաժողովից առաջ խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն կար։

Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց գալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ու ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ՀՀ վարչապետի հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների հաստատման սկզբունքները: «Վերոհիշյալ սկզբունքներն ու բովանդակությունն ամենևին էլ նոր չեն և ձևավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը ու ՀՀ վարչապետը: Այդ սկզբունքները կոնկրետացվեցին 2023 թվականին ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ բրյուսելյան հանդիպումների ընթացքում ու այդ սկզբունքների մասին կան հրապարակային հայտարարություններ: Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետևյալ կերպ. «Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»։

Այս նույն սկզբունքը ս/թ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ արտահայտված է այսպես. «Առաջնորդները, խոսքը իմ եւ Ադրբեջանի նախագահի մասին է, հաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին եւ համապատասխանաբար Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ նույն սկզբունքը հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի ու ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես. «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ևս մեկ անգամ լիարժեք կերպով վերահաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ հիմնված այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր»:

«Այս պայմանավորվածություններից հետո ես մի քանի անգամ հրապարակային վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել: Վերջերս նա հայտարարել է, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց 29 հազար 800-ը չի հիշատակել, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար: Տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու պայմանավորվածությունը հենց դրա համար է ձեռք բերվել, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելիս երկիմաստություններ թույլ չտան, ասենք, օրինակ` ասելով, թե տվյալ երկրի տարածքի մի մասն իրականում իրեն չի պատկանում»,- հավելեց Փաշինյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր