Եվրամիությունը շրջապատված է հակամարտությունների «հրե օղակով», որը ավելի է սեղմվում նրա սահմանների շուրջ, ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ ժամանելով Լյուքսեմբուրգ, որտեղ մասնակցելու է ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպայի շուրջ ձեւավորվել է հրե օղակ, որն ավելի է սեղմվում, ավելի ուժգին այրվում։ <...> Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ, [ԵՄ-ն] պետք է մտածի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի իրավիճակի, Սահելի [աֆրիկյան տարածաշրջանի] պետությունների իրավիճակի մասին»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա ավելացրել է, որ անկայունություն կա նաեւ Արեւմտյան Բալկաններում, դրան եւս պետք է հետեւել։
Նախարարի խոսքով՝ եվրոպական հանրույթը «չի կարող իրեն թույլ տալ ճգնաժամերից միայն մեկին ուշադրություն հատկացնելու ճոխությունը»։ ԵՄ-ի կենտրոնացումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա «չպետք է հանգեցնի այն բանին, որ մենք տեսադաշտից բաց թողնենք այլ ճգնաժամերը», ասել է քաղաքական գործիչը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



