Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը լուծել է ՌԴ-ում հայկական ավիափոխադրողների հանդեպ կիրառվող խտրական մոտեցման հարցը:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրեւ արտասահմանյան ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների:
Այս իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի հայկական ավիաընկերությունը իր գնային քաղաքականությամբ մրցակցի ռուսականների հետ: «Տարոն Ավիան» Հանձնաժողովին տեղեկացրել է, որ խնդրահարույց է նաեւ աերոնավիգացիոն ծառայություններ տրամադրող ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կողմից իրենց հանդեպ կիրառվող գնային քաղաքականությունը:
Այստեղ եւս գործում են տարբերակված մոտեցումներ, մասնավորապես, Ռուսաստանի տարածքում ոչ տեղական ընկերություններից աէրոնավիգացիոն ծառայության դիմաց գանձվում է 95,2 դոլար՝ յուրաքանչյուր 100 կմ-ի համար, մինչդեռ տեղական, այսինքն ռուսական ավիաընկերությունները նույն ծառայության համար վճարում եմ մոտ 3 անգամ ավելի էժան՝ 35 դոլար՝ 100 կմ-ի համար:
Ըստ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, ԵՏՄ տարածքում, անդամ երկրների ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին. «Նման մոտեցման արդյունքում, փաստորեն ռուսական ավիաընկերությունները կարողանում են մրցակցային լուրջ առավելություն ստանալ հայկական ավիաընկերությունների հանդեպ»:
Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կոնկրետ բողոք ներկայացրած տնտեսվարողի՝ «Տարոն Ավիայի» պարագայում թիրախային համարվող ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները ընկերության համար դառնում են ոչ մրցունակ: Վերջինս կատարում է հավելյալ ծախսեր, ինչը էականորեն ազդում է ավիատոմսի գնագոյացման վրա:
Հանձնաժողովը խնդիրը տեւական ժամանակ քննարկել է ԵՏՄ գործընկերների հետ՝ նրանց եւս ներգրավվելով գործում՝ խնդրի արագ եւ ամբողջական կարգավորմանը հասնելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում օրերս սահմանվել է ժամանակացույց՝ առաջիկա 2 տարվա ընթացքում վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները եւ վերանայել դրանք:
Այսինքն, ընդունվել է բոլոր անդամ երկրների տարածքում սակագների համահարթեցման միասնական որոշում: Նշենք նաև, որ արդեն իսկ գործնական քայլեր են իրականացվում և ՌԴ տարածքում գործող երկու օդանավակայաններ վերանայել են իրենց սակագնային քաղաքականությունը և հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն:
Նշենք նաև, որ մեր երկրում թե հայկական եւ թե արտասահմանյան ընկերությունների համար սպասարկման և աէրոնավիգացիոն ծառայությունների գների նման տարբերակում առկա չէ, ինչը նշանակում է, որ այդ առումով բոլոր երկրների ավիափոխադրողները ունեն հավասար մրցակցելու հնարավորություն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


