Ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Եվրամիության և Յունիսեֆի աջակցությամբ տեղի է ունեցել սոցիալական պաշտպանության և Միասնական սոցիալական ծառայության զարգացմանն ուղղված ռազմավարության մշակման երկօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովի ամփոփիչ ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանը ընդգծել է տեղեկատվական միասնական համակարգի դերը ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման և բոլոր գերատեսչությունների կողմից իրենց դերակատարության լիարժեք իրականացման գործում։ Վերջինիս խոսքով՝ առարկայական երկխոսության, համաձայնության և միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա հնարավոր է ունենալ մի փաստաթուղթ, որն իրապես կնպաստի մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը։ Փաստաթղթում հստակ կամրագրվեն այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ հասցեական միջամտությամբ կարող ենք ունենալ ավելի բարելավված արդյունքներ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների որակյալ և նպատակային մատուցման գործում։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս շեշտել է ռազմավարության իրականացման գործընթացում շահագրգիռ մարմինների փոխգործելիության դերը՝ ունենալու առավել լիարժեք և հասցեական սոցիալական ծառայություններ համայնքային և ազգային մակարդակներում։
Քննարկման ընթացքում ներկայացվել են ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման ուղենիշները, ռազմավարական նպատակներն ու առաջնահերթությունները։ Նախանշվել են այն գործողությունները, որոնց իրականացման արդյունքում կունենանք սոցիալապես արդար միջավայրում իր աշխատանքով ապրող, շարունակաբար իր հմտություններն ու կարողությունները զարգացնող քաղաքացի և նրա կարիքների ու երաշխիքների ապահովմանն ուղղված որակյալ սոցիալական ծառայություններ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



