
ԱՄՆ-ն ու Չինաստանն ավելի են թեժացրել պետությունների միջև ծավալվող «առևտրային պատերազմը»՝ մեկը մյուսի նկատմամբ սահմանելով ևս 25 տոկոս մաքսատուրք՝ ընդհանուր 16 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման համար:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն իր կողմից մաքսատուրք է սահմանել չինական 279 ապրանքի համար: Մինչդեռ Չինաստանի մաքսատուրքերը վերաբերում են ամերիկյան արտադրության 333 ապրանքատեսակի:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ավելի վաղ ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել Չինաստանից ներկրվող 50 մլրդ դոլար արժողությամբ ապրանքի համար: Չինաստանի առևտրի նախարարը հայտարարել է, որ «Վաշինգտոնը շարունակում է համառել՝ առաջ տանելով մաքսատուրքերի ավելացման քաղաքականությունը»:
«Չինաստանը միանշանակ դեմ է դրան ու կշարունակի ձեռնարկել համապատասխան հակազդող քայլեր»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ երկիրն ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ընդհանուր 500 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



