
Ֆրանսիան նախատեսում է ընդհանուր աշխատավարձային ֆոնդի մինչև 1 տոկոսի չափով տուգանել այն ընկերություններին, որոնք աշխատավարձերը տարբերակում են գենդերային սկզբունքով, գրում է The Wall Street Journal-ը:
Նոր օրենքի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ընկերությունները պետք է ներկայացնեն զեկույց, թե որքան են վճարում կանանց՝ ի տարբերություն տղամարդկանց: Այն կազմակերպությունները, որոնք աշխատակիցների միջև տարբերություններ կդնեն՝ կստանան իրավիճակի հարթման համար երեք տարի կամ կվճարեն տուգանք:
Այս դիրքորոշումն անսովորորեն կոշտ է նույնիսկ այն երկրների համար, որոնք ճնշում են ընկերություններին՝ գենդերային հավասարություն հաստատելու նպատակով, ասվում է հոդվածում:
Ներդնելով տուգանքներ՝ Ֆրանսիան նպատակ ունի ստեղծել «արդյունքներ գրանցելու պարտավորություն», - ասել է Աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկուդը՝ WSJ- ին տված հարցազրույցում:
«Դա, կարծես, ընկերություններին ասում է, որ ձեր փողերը պետությանը տալու փոխարենը կանանց տվեք, դա ավելի իմաստուն է», - գտնում է նա:
Ֆրանսիան առաջամարտիկ է կանանց աշխատանքային պայմանների բարելավման գործում: Երկիրն առաջիններից է, որտեղ ծննդաբերության հետ կապված արձակուրդ է տրվում, այն ունի պետական մանկապարտեզներ: Այնուամենայնիվ, Ֆրանսիան շատ եվրոպական հարևաններից հետ է մնում՝ աշխատանքի արդար վարձատրության տեսանկյունից:
Եվրամիության վիճակագրության ծառայության տվյալով՝ Ֆրանսիայում կանայք 15,2 տոկոսով պակաս են վճարվում տղամարդկանցից, իսկ Իտալիայում, 5,3 տոկոս, Բելգիայում` 6,1 տոկոս: Սակայն Գերմանիայում, այդ ցուցանիշը կազմում է 21,5 տոկոս:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



