
Ռուսաստանն ու Չինաստանը երկկողմ և միջազգային առևտրում իրենց ազգային արժույթների օգտագործման ընդլայնման մասին համաձայնագիր են մշակում, հայտնում է EHB-ն:
Նոր միջազգային վճարային համակարգի մշակումն ուղղված է պետությունների ազգային համակարգերի վրա ամերիկյան պատժամիջոցների հնարավոր ռիսկերին հակազդելուն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այս ամսվա սկզբին Չինաստան կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ երկրները քննարկում են յուանով և ռուբլով վճարումների ուղիղ համակարգ ստեղծելու մանրամասները: Նա նաև հավելել է, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանում UnionPay վարկային քարտի, իսկ Չինաստանում ռուսական «Միրի» օգտագործման վերաբերյալ:
Ֆինանսական նոր ենթակառուցվածքի ստեղծմանը նպաստում է ԱՄՆ-ի հետ երկու երկրների հարաբերությունների շարունակական վատթարացումը և Վաշինգտոնի սպառնալիքները՝ պետությունների նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
«Ռուսաստանն ու Չինաստանը պետք է պաշտպանեն իրենց վճարային համակարգերը», - ասել է Մեդվեդևը՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների 22-րդ հերթական հանդիպման ժամանակ: «Այս տեսանկյունից նման համագործակցությունը շատ օգտակար է, քանի որ ոչ ոք չի կարող արգելափակել մեր փոխադարձ առևտուրը»: - ասել է նա ` նշելով, որ 2020 թվականին Չինաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կկազմի 200 միլիարդ դոլար, ինչը երկու անգամ ավելի է, քան 2014 թվականին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



