Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է՝ ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին:
Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը:
Սիմոնյանը նշեց՝ իսկ եթե Զախարովան ի նկատի ունի Ռուսաստանը, ապա ՌԴ-ն ինքն է ստորագրել այս փաստաթուղթն ու ստանձնել պատասխանատվությունը:
Անդրադառնալով ռուսական կողմից հնչող այն հիշեցմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի բան, որ ՌԴ-ն ստանձնում է ԼՂ-ի անվտանգության երաշխավորի պարտականությունը՝ ԱԺ նախագահը հարցրեց՝ ապա ինչո՞ւ էր ՌԴ նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը և ինչո՞ւ են ռուս խաղաղապահները կանգնած: «Այսինքն՝ կանգնած են, ենթադրենք, Չինաստանի՞ խաղաղապահները, ու մենք ասում ենք, թե պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստա՞նը: Դա Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ հիմա Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց՝ այս փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ի խաղաղապահները գտնվում են հենց այդ առաքելությամբ: «Դա մենք հաստատել, վավերացրել ենք: Հետաքրքիր կլինի իմանալ նաև ռուս գործընկերների արձագանքը, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ մինչև հիմա Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը»,-ասաց Սիմոնյանը:
The material is copyrighted and protected by law



