Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի առաջին վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ $24.5 միլիոն ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք:
ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանուր առմամբ գտնվում է կայուն իրականացման փուլում, վերանայման պահի դրությամբ հարկաբյուջետային եւ դրամավարկային քանակական ցուցանիշների թիրախները պահպանվել են, եւ լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների իրագործման ուղղությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ԱՄՀ փորձագետների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի 2022թ. տնտեսական կատարողականը՝ առանձնացնելով երկնիշ (12.6%) տնտեսական աճը՝ պայմանավորված սպառման եւ արտաքին պահանջարկի բարձր մակարդակով, ինչպես նաեւ կապիտալի եւ միգրանտների մեծ հոսքերով:
«Կարեւորվել է նաեւ հարկաբյուջետային դիրքի բարելավումը. բյուջեի պակասուրդը նվազել է մինչեւ 2.1%, իսկ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը մակարդակը՝ 14%-ային կետով՝ մինչեւ 46.7%, ինչը պայմանավորված էր պակասուրդի կրճատմամբ, անվանական բարձր տնտեսական աճով եւ ՀՀ դրամի արժեւորմամբ։
Հայաստանի՝ 2023թ. տնտեսական հեռանկարները ԱՄՀ-ի կողմից եւս դրական են գնահատվել՝ չնայած գլոբալ ու տարածաշրջանային ռիսկերի առկայությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման եւ ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5.5%-ի մակարդակում: Ակնկալվում է նաեւ, որ գնաճը կկայունանա եւ կպահպանվի ԿԲ թիրախի սահմաններում:
Նշվում է, որ Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ եւ միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական եւ հարկաբյուջետային կայունության պահպանմանը
The material is copyrighted and protected by law



