«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման երևանյան միջազգային 15-րդ փառատոնի վաճառված տոմսերից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար անիմացիոն կրթական ծրագրի իրականացմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փառատոնի հիմնադիր, ծաղրանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին։
Նա նշեց, որ իրենց նպատակն ի սկզբանե փառատոնն անվճար անցկացնելն էր, նախկինում այդպես էլ եղել է, մի քանի տարի է, ինչ տոմսերը խորհրդանշական 500-1000 դրամով են վաճառվում։
«Երբ մի բան առնում ես, ավելի ես արժևորում, քան երբ այն քեզ նվիրում են»,– ասաց նա։
Իսկ այս տարի փառատոնի հիմնադիրը որոշել և հայտարարել է, որ հասույթն ուղղվելու է մի կրթական ծրագրի, որին ներգրավված մասնագետներն աշխատելու են արցախցի անիմատոր երիտասարդների հետ նրանց մասնագիտական գիտելիքները զարգացնելու ուղղությամբ։
Նա ընդգծեց, որ այս պահին արդեն գիտեն 15-20 երիտասարդ, որոնք ցանկանում են յուրացնել անիմատորի մասնագիտությունը։ Նրանից ոմանք որպես կամավոր և/կամ հանդիսատես ներգրավված են փառատոնին։
«Մշակույթն այս պարագայում միակ բանն է, որը մեզ կարող միացնել»,– ընդգծեց Քասունին։
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն անցկացվում է 2009 թվականից։ Այս տարի փառատոնը նշում է իր հիմնադրման 15-ամյակը. այն նվիրված է Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին: Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կտևի մինչև ամսի 28-ը։
The material is copyrighted and protected by law



