jkjhkjhkj

27-02-2019 20:10 1543

armeniairan2

 

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հասան Ռոհանին իր խոսքում նշեց, որ երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում:
«Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:

Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:

Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը »,-իր ամփոփիչ խոսքում նշել է Հասան Ռոհանին:

Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել զարգացնել կապերը նաեւ ՏՏ ոլորտում:

Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկվեց համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:

Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն»,- հավելել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ: Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես տեղեկանում ենք Primeminister.am կայքից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:

Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:

Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

The material is copyrighted and protected by law

Often read materials