Գրավատներն ու տարադրամի փոխանակման կետերն ահազանգում են, որ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների հաստատման դեպքում, որը ենթադրում է գրավատների և տարադրամի փոխանակման կետերի համար պետական տուրքի 60-ապատիկի ավելացում, դրանց մեծ մասը կփակվի, և շուրջ 1300 մարդ կմնա անգործ: Նրանք պատրաստակամություն են հայտնում շարունակել պայքարը մինչև ոլորտի ներկայացուցիչների համար տնտեսապես հիմնավորված և արդարացի լուծման հասնելը։
Նախօրեին ոլորտի ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանք պահանջում են կառավարությունից վետո դնել փաստաթղթի վրա և թույլ չտալ, որ այն անցնի խորհրդարանում իր ներկա տեսքով։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները ներկայացրել են իրենց առարկությունները և առաջարկությունները պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ըստ հաղորդագրության, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: «Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածը՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 150 000 ՀՀ դրամ է: Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված: Փոխառու միջոցների հասանելիությունը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին բավարարել իրենց դրամի նկատմամբ պահանջարկը: Երբեմն այդ պահանջարկը կարող է առաջանալ ծայրահեղ իրավիճակների հետևանքով, ինչը կարող է ստիպել նման իրավիճակում հայտնված անձին գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև հանցագործության: Բանկերը իհարկե իրականցնում են համապատասխան գործառույթ, սակայն այնքան հասանելի չեն դարձնում վարկային միջոցները հասարակության անդամներին, որքան գրավատները: Բացի այդ բանկերը առանց մրցակցության կարող են հանգեցնել իրենց ծառայությունների թանկացման և դրանցից օգտվողների վիճակի վատթարացմանը: Որքան բարդ է վարկ ստանալը, այնքան թանկ է վարկը վարկառուի համար։ Եթե շուկայում վարկեր առաջարկողները նվազեն, մրցակցությունըբփոքրանա, ապա վարկային հարաբերություններում վարկատուն է դառնում ԹԵԼԱԴՐՈՂ վարկառի համար:
Գրավատների առավելությունները բանկերի և վարկային կազմակերպությունների համեմատ Վարկավորում են բացառապես ՀՀ դրամով, այսինքն՝ իրենց վրա են վերցնում ֆինանսական ռիսկերը. Դրամի արժեզրկում, Փոխարժեքի տատանում և այլն
- Վարկավորում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց
- Վարկավորում են առանց եկամուտ հավաստող փաստաթղթերի պահանջի
- Վարկավորում են առանց հաճախորդի վարկունակության ուսումնասիրության
- Վարկավորում են ցանկացած շարժական գույքի գրավի դիմաց
- Վարկավորում են արագ և շուրջօրյա ռեժիմով
- Ժամկետանց վարկերի դեպքում վնաս չեն հասցնում վարկառուի վարկային պատմությանը
- Գրավի առարկայի իրացման դեպքում լրացուցիչ պահանջ չեն ներկայացնում վարկառուին ինչպես բանկերը և վարկային կազմակերպությունները՝ էլ ավելի վատթարացնելով վարկառուի վիճակը:
Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող գրավատները կփակվեն հիմնովին, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմտաբար փոքր է քան Երևանում, և մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից», - ասվում է ոլորտի ներկաայցուցիչների տարածած հաղորդագրությունում:
Նաև նշվում է, որ Հայաստանում գործում են շուրջ 200 փոխանակման կետեր, որոնց մեծ մասը իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ մարզերում: «ՀՀ-ում գործող փոխանակման կետերում միջինացված աշխատում են 2-3 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 100 000 ՀՀ դրամ է: ՀՀ-ում գործող փոխանակման կետերը գտնվելով առևտրի ու սպասարկման կետերին մոտ և աշխատելով ավելի երկար աշխատանքային ռեժիմով՝ ծառայություններ են մատուցում ՀՀ քաղաքացիներին և Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, նպաստելով ապրանքների և ծառայությունների դիմաց ազգային արժույթով վճարմանը, բացառելով արտարժույթով կատարվող գործարքների իրականացմանը: Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով փոխանակման կետերի պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6 000 տոկոսով՝ 50 000 ՀՀ դրամից դառնալով 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող փոխանակման կետերի մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող փոխանակման կետերը կփակվեն հիմնովին», - ասվում է հաղորդագրությունում:
Ոլորտի ներկայացուցիչները նաև հիշեցնում են, որ գրավատները իրականցնում են վարկերի տրամադրում միայն դրամով, միայն շարժական գույքի գրավով միայն ֆիզիկական անձանց, փոխանակման կետերը ծառայություն են մատուցում բացառապես ֆիզիկական անձանց՝ բացառապես կանխիկ: Բնական է, որ լիցենզիայի տուրքի չափը համահունչ չի իրականցվող գործառնություններին:
«Արդյունքում`
Ավելի քան 1300 ՀՀ քաղաքացի կդառնան գործազուրկ և ավելի քան 900 միլիոն ՀՀ դրամ տարեկան հարկ չի վճարվի պետական բյուջե:
Կկրճատվեն գրավատներին և փոխանակման կետերին ծառայություն մատուցող պետական (ՀՀ ոստիկանություն, Սոս Սիսթեմս, Ֆինանսական համակարգի հաշտարար) և ոչ պետական կազմակերպությունների (առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, կապի օպերատորներ և այլն) ֆինանսական մուտքերը։
Պետությունը կխթանի այդ ոլորտում մոնոպոլ դիրքի ստեղծմանը՝ իր բացասական հետևանքներով:
Կհակասի ներկայիս ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կողմից որդեգրած փոքր և միջին բիզնեսի աջակցության և խրախուսման քաղաքականությանը:
Այդ բնագավառում կձևավորվի ստվերային շուկա, որը դուրս կմնա ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների:
Ստվերային շուկայի մասնակիցները օգտվելով ստեղծված իրավիճակից կզբաղեցնեն օրինական հարկ վճարողների տեղը՝ նմանատիպ ծառայություններ մատուցելով քաղաքացիներին, չվճարելով որևէ հարկ և պետական տուրք:
Պետությունը կցուցաբերի ոչ հավասար և անարդար մոտեցում ֆնանսական կազմակերպությունների նկատմամբ (առևտրային բանկերի պետ տուրքը 3 մլն. ՀՀ դրամից դարձնելով 7 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 2,3 անգամ, վարկային կազմակերպությունների պետ տուրքը 500 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 6 անգամ, գրավատներինը 100 հազ. ՀՀ դրամից դարձնելով 6 մլն. ՀՀ դրամ ավելացնելով՝ 60 անգամ, արտարժույթի փոխանակման կետերինը 50 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 60 անգամ):
Պետությունը կնպաստի Հայաստանում ներկայումս գրեթե վերացված արտարժույթով իրականացվող գործարքների կատարմանը:
Պետությունը կնպաստի հանրության մոտ բողոքի և վրդովմունքի ալիքի բարձրացմանը`վարկային պրոդուկտի թանկացման, բնակչության վարկունակության նվազման և մնացած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից (մնալով գերիշխող դիրքում) բնակչությանը թալանման հետևանքով:
Մեր պետությունը որդեգրել է քաղաքականություն, որի հիմքում դրված է կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարը։ Հայաստանի Հանրապետության արդի տնտեսական քաղաքականության առաջնային հիմնախնդիրներից է տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը և այդ առումով տնտեսական գործող մենաշնորհների կարգավորումը՝ հավասար պայմաններ ստեղծելով տնտեսվարողների համար։ Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում շուկայում սահմանում է բարձր գին: Այս օրենքում կատարվող փոփոխությունները կհանգեցնի տնտեսությունում մենաշնորհացման մակարդակի բարձրացմանը, հզոր կազմակերպության համար սահմանելով ավելի ցածր պետական տուրք, քան մանրինը։ Պետական մակարդակով ստեղծելով անբարենպաստ պայմաններ մանր և միջին բիզնեսի համար՝ ստիպելով նրանց փակվել», - ասվում է հաղորդագրությունում։
Ոլորտի ներկայացուցիչները, մտահոգվելով կատարվող օրենսդրական փոփոփության արդյունքում տնտեսությունում ձևավորվելիք անառողջ մթնոլորտի, տնտեսությանը հասցվելիք վնասի, քաղաքացիների համար առկա հնարավորությունների սահմանափակման, գործազրկության մակարդակի ավելացման և բնակչության սոցիալական վիճակի հետագա վատթարացման մասին՝ առաջարկում են չկատարել նման փոփոխություն վերը նշված օրենքում, այլ կատարել ավելի խորը ուսումնասիրություն, հիմանավորել տնտեսական հաշվարկներով և վերլուծությամբ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, թե ինչու պետք է լինի հենց այդպիսին և ինչու է պետք այսքանով կամ այնքանով տարբերվի ոլորտի մնացած մասնակիցների կողմից կատարվող վճարումներից: Նրանք նաև պատրաստակամություն են հայտնում մասնակցելու բոլոր քննարկումներին և կատարվող ուսումնասիրություններին:
The material is copyrighted and protected by law


